AM
7 Նոյեմբեր 2026 - 13:29 AMT

Մեգան Մարքլի հայրը ձերբակալվել է երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր պահելու կասկածանքով

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլ ավագը, որի հետ դուստրը վաղուց խզել է հարաբերությունները, ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ երեխաների սեռական շահագործման ենթադրյալ նյութերի վերաբերյալ միջազգային հետաքննության շրջանակում։

Ձերբակալության պահին դաշնային մակարդակով առաջադրված կոնկրետ մեղադրանքները և գործողության վերաբերյալ լրացուցիչ մանրամասները դեռ չեն հրապարակվել։ Դեպքի մասին առաջինը տեղեկություններ են տարածել Daily Mail և New York Post պարբերականները, որոնց հաղորդումները հետագայում հաստատվել են Associated Press լրատվական գործակալության կողմից, հայտնում է Deutsche Welle-ն:

Ձերբակալությունը հաջորդել է այն հետաքննությանը, որը նախաձեռնվել է Մարքլի որդու՝ Թոմաս Մարքլ կրտսերի հայտնաբերած նյութերի հիման վրա։ Վերջինս Ֆիլիպինների Սեբու քաղաքում գտնվող հոր նախկին բնակարանում, ըստ հաղորդումների, հայտնաբերել է արկղեր, որոնցում պահվել են հարյուրավոր, հնարավոր է՝ նույնիսկ հազարավոր լուսանկարներ։

Մարքլ կրտսերը հայտնաբերված նյութերի մասին տեղեկացրել է Ֆիլիպինների ոստիկանությանը, ինչպես նաև կապ է հաստատել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ ՀԴԲ-ի հետ։ Դրանից հետո երկու երկրների իրավապահ մարմինները սկսել են ուսումնասիրել ներկայացված տեղեկություններն ու դրանց հիմքում ընկած հանգամանքները։

Ֆիլիպինների իրավապահ մարմինները հայտնել են, որ քննությանն առնչվող էլեկտրոնային սարքերից առգրավվել են մոտ 7500 լուսանկար և մեկ տեսանյութ, որոնցում պատկերված են անչափահաս երեխաներ։

Ֆիլիպինների ներքին գործերի և տեղական ինքնակառավարման նախարար Ջոնվիկ Ռեմուլլան հայտարարել է, որ նյութերում պատկերված երեխաներից մի քանիսը, ըստ նախնական գնահատականների, ընդամենը 10 կամ 11 տարեկան են եղել։

Ֆիլիպինների ոստիկանության տվյալներով՝ նախնական դատաքրեագիտական ուսումնասիրության ընթացքում տվյալների պահպանման մի քանի սարքերում հայտնաբերվել են նյութեր, որոնք, ենթադրաբար, պարունակում են երեխաների նկատմամբ սեռական բռնության և շահագործման տեսարաններ։ Միաժամանակ քննիչները շեշտել են, որ ձեռք բերված տեղեկությունները դեռ բավարար չեն պարզելու համար, թե ում են պատկանել այդ նյութերը, ովքեր են դրանք ստեղծել կամ տարածել։

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն համագործակցում է Ֆիլիպինների իրավապահների հետ՝ փորձելով պարզել հայտնաբերված սարքերի սեփականատերերին և գործին այլ անձանց հնարավոր մասնակցությունը։ 82-ամյա Թոմաս Մարքլը նախկինում հերքել է երեխաների նկատմամբ սեռական բռնություն պատկերող նյութեր ունենալու մասին պնդումները և մերժել իր հասցեին հնչեցված մեղադրանքները։

Հետաքննությունն արդեն դուրս է եկել Ֆիլիպինների սահմաններից։ Տեղեկություններ են տարածվել նաև այն մասին, որ Մեքսիկայում ուսումնասիրվում է նյութերի առանձին հավաքածու, որը, ենթադրաբար, կարող է առնչություն ունենալ Թոմաս Մարքլի հետ։

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը վերջերս առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձել է հոր վերաբերյալ մեղադրանքներին՝ հայտարարելով, որ տարածված տեղեկություններից «խորապես ցնցված է»։ Նա նաև մտահոգություն է հայտնել այն երեխաների համար, որոնք հնարավոր է՝ տուժել են։

Մեգան Մարքլը նշել է, որ իրեն հավաստիացրել են, թե ներկայացված մեղադրանքների վերաբերյալ քննություն է իրականացվում։

Դքսուհին անդրադարձել է նաև հոր հետ տարիներ շարունակ պահպանվող խզված հարաբերություններին։ Նրա խոսքով՝ հորը սեփական երեխաների՝ արքայազն Արչիի և արքայադուստր Լիլիբեթի հետ շփումից հեռու պահելու որոշումը պայմանավորված է եղել երեխաներին պաշտպանելու ցանկությամբ։

Մեգան Մարքլը արքայազն Հարրիի հետ ամուսնացել է 2018 թվականի մայիսին՝ Վինձորի ամրոցում։ Նրա հայրը, որը նախկինում հեռուստատեսությունում աշխատել է որպես լուսավորության և լուսանկարչության ռեժիսոր, հարսանեկան արարողությանը չի մասնակցել ընտանիքում առաջացած տարաձայնությունների պատճառով։ Այդ հակամարտությունն այն ժամանակ լայնորեն լուսաբանվել է մամուլում։

Հետաքննությունը նոր զարգացում է ստացել, երբ Ֆիլիպինների իշխանությունները Թոմաս Մարքլ կրտսերին ճանաչել են որպես գործին առնչվող անձ։

Նախարար Ջոնվիկ Ռեմուլլան հայտնել է, որ քննիչներն ուսումնասիրում են տեղեկություններ, որոնց համաձայն՝ անչափահաս աղջիկներ հնարավոր է այցելած լինեն Սեբուում գտնվող Մարքլ կրտսերի բնակարան։ Միաժամանակ նա ընդգծել է, որ 60-ամյա տղամարդը կասկածյալի կարգավիճակ չունի։

Մարքլ ավագն այս տարվա սկզբին վերադարձել է Միացյալ Նահանգներ՝ Ֆիլիպիններում բնակվելու ընթացքում ինսուլտ տանելուց և ձախ ոտքի անդամահատման ենթարկվելուց հետո։

ԱՄՆ-ում 82-ամյա Թոմաս Մարքլի նկատմամբ սահմանվել են տեղաշարժի սահմանափակումներ։ ՀԴԲ-ն ներկայացրել է խուզարկությունների և առգրավված նյութերի վերաբերյալ նոր մանրամասներ, հայտնում է BBC-ն:

Ֆլորիդայում իրականացված ձերբակալությունից հետո դատարանը որոշել է նրան ազատ արձակել առանց դրամական գրավի՝ պարտավորեցնելով կրել էլեկտրոնային վերահսկողության սարք և ներկայանալ դատական բոլոր նշանակված նիստերին։

Դատարանի որոշմամբ՝ նրան արգելվել է մեկնել Կենտրոնական Ֆլորիդայի և Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի սահմաններից դուրս։ Սահմանափակումները վերաբերում են այն տարածքներին, որոնք գտնվում են համապատասխան դաշնային դատարանների իրավասության ներքո։

Թամպայում կայացած առաջին դատական լսման ընթացքում Մարքլը չի հայտարարել ո՛չ իր մեղավորությունը ճանաչելու, ո՛չ էլ այն չընդունելու մասին։ Հաջորդ դատական նիստը նախատեսվում է անցկացնել Կալիֆոռնիայում, սակայն դրա հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել։ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ լսումը տեղի կունենա ոչ շուտ, քան մի քանի շաբաթ անց։

ՀԴԲ տնօրեն Քեշ Փաթելը, անդրադառնալով Թոմաս Մարքլի ձերբակալությանը, հայտարարել է, որ իրավապահ մարմինները «գործել են օպերատիվ»։

«Այսօր Ֆլորիդայում ձերբակալվել է մի տղամարդ, որի նկատմամբ դաշնային հանցագործություն կատարելու վերաբերյալ բողոք է ներկայացվել։ Նա կասկածվում է երեխաների նկատմամբ սեռական բռնություն պատկերող նյութեր պահելու մեջ, այդ թվում՝ սեռական բնույթի լուսանկարներ, որոնցում նա պատկերված է սեռական հասունության չհասած աղջիկների հետ, — հայտնել է Արդարադատության նախարարությունը։ — Այդ նյութերը գտնվել են Լոս Անջելեսի շրջանում նրա վարձակալած երկու պահեստային տարածքներում, որոնցից նա օգտվել է գրեթե երկու տասնամյակ»։

ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները խուզարկությունների ընթացքում առգրավել են մի շարք իրեր, որոնք ենթադրաբար պարունակում են երեխաների նկատմամբ սեռական բռնության պատկերներ։

Աշխատակիցներն առգրավել են մոտ 78 առարկա, այդ թվում՝ դիապոզիտիվներ, լուսանկարչական ժապավենների նեգատիվներ և գրքեր, որոնք, ենթադրաբար, պարունակում են երեխաների նկատմամբ սեռական բռնություն պատկերող նյութեր։

Մինչ այդ Մարքլը կտրականապես հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները։ Երեխաների նկատմամբ սեռական բռնություն պատկերող նյութեր պահելու մասին պնդումները նա որակել է որպես «հրեշավոր սուտ»։

ՀԴԲ տնօրենի հայտարարությունում, սակայն, ներկայացվել են ծանր մեղադրանքներ Մարքլի ենթադրյալ գործողությունների վերաբերյալ։

«Ենթադրաբար, պարոն Մարքլն իր զոհերն է ընտրել անմեղ երեխաներին և իր հանցավոր գործողություններով փորձել է խլել նրանց անմեղությունը», — նշվում է ՀԴԲ տնօրենի հայտարարությունում։

ՀԴԲ ղեկավարը ընդգծել է, որ գերատեսչությունը շարունակելու է օգտագործել իր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավորությունները՝ երեխաների անվտանգությունն ապահովելու և նրանց նկատմամբ հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։

«ՀԴԲ-ն երեխաներին պաշտպանելու համար կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսները։ Երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարող ոչ մի հանցագործ չի կարող ապահով ապաստան գտնել ո՛չ մեր երկրում, ո՛չ էլ որևէ այլ վայրում, որտեղ կփորձի թաքնվել», — հավելել է Փաթելը։

Մեգան Մարքլը հույս է հայտնել, որ հանրությունը կհասկանա այն պատճառները, որոնց հետևանքով ինքը տարիներ առաջ գրեթե ամբողջությամբ դադարեցրել է շփումը հոր հետ։

2020 թվականին արքայազն Հարրին հրաժարվել է բրիտանական թագավորական ընտանիքի բարձրաստիճան գործող անդամի կարգավիճակից։ Նա և Մեգան Մարքլը դադարեցրել են թագավորական ընտանիքի անունից պաշտոնական պարտականությունների կատարումը՝ հեռանալով իրենց նախկին դերերից։