AM
11 Նոյեմբեր 2026 - 16:35 AMT

Կայացել է EasyPay-ի վերաբրենդավորման միջոցառումը․ Ընկերությունն արդեն կոչվում է easy

EasyPay-ը՝ ՀՀ-ում առաջատար ֆինտեխ ընկերություններից մեկը, վերաբրենդավորվել է և այս պահից սկսած կոչվում է easy։ Ընկերությունը formascope agency-ի թիմի հետ աշխատել է բրենդի ինքնության վրա և ստեղծել բրենդ համակարգ, որն արտացոլում է easy-ի գործունեության հիմքում եղած պարզությունը։

Ընկերության տեսլականը մնում է նույնը՝ «Առօրյա կյանքից հեռացնել ֆինանսական գործարքների հետ կապված բոլոր դժվարությունները»: Սակայն EasyPay-ը վերափոխվում է ավելի զգայական բրենդի՝ easy-ի, որը ոչ թե պարզապես անուն է, այլ ընկերության՝ կյանքը ավելի պարզ դարձնելու խոստում։

Ընկերությունն այս նոր փուլի մեկնարկը տոնել է իր գործընկերների հետ․ նոյեմբերի 6-ին կայացել է easy-ի վերաբրենդավորման միջոցառումը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում։ Ընկերության գործադիր տնօրեն Մհեր Գալստյանը ներկայացրել է նոր ընկերությունը և կատարված ու սպասվող փոփոխությունները, ապա ցուցադրվել է easy-ի և պրոդուկտների նոր հոլովակը։

Միջոցառումը շարունակվել է ավելի անմիջական միջավայրում՝ Կարեն Մամիկոնյան տրիոյի ջազ կատարումներով ու հյուրասիրությամբ։ Միջոցառման վերջում մասնակիցները վայելել են էլեկտրոնային երաժշտություն Վահագն Մարտիրոսյանի կատարմամբ և ընտրել իրենց նախընտրած նվեր-գիրքը և սուրճը։

Առօրյա կյանքը պարզեցնելը վերաբրենդավորման առանցքային գաղափարն է։ Այս միտքը լիարժեք փոխանցելու համար միջոցառման սրահներից մեկում ցուցադրվում էին իրեր երկու տարբերակով․ դրանցից մեկը ստեղծվել ու կիրառվել է նախկինում, իսկ մյուսը կատարելագործվել ու պարզեցրել է առօրյան։ Ցուցադրությունն ընդգրկում էր այնպիսի իրեր, ինչպիսիք էին գրպանի ժամացույցն ու ձեռքի ժամացույցը, առանց անիվի ու անիվներով ճամպրուկները, մետաղական ծանր արդուկն ու նոր, գոլորշիով արդուկը։ Վերջում ցուցադրված էին easywallet ու easypay հավելվածները՝ որպես պարզից ավելի պարզին անցում։

Նախկինում EasyPay կոչվող վճարահաշվարկային կազմակերպությունը 2014 թ․-ից ի վեր օգնել է մարդկանց կատարել ամենօրյա ֆինանսական գործարքները պարզ եղանակով։ Այսօր հազարավոր մարդիկ մի քանի հպումով կառավարում են իրենց հաշիվներն ու փոխանցումները, կատարում մեքենային առնչվող վճարումներ ու վարկի մարումներ, կնքում ապահովագրական պայմանագրեր, ձեռք բերում տոմսեր և շատ ավելին։

easy ընկերությունն իր գործունեության մեջ և հաճախորդների ու գործընկերների հետ հարաբերություններում կառաջնորդվի հետևյալ արժեքներով՝ պարզություն, աջակցություն, թափանցիկություն և պատասխանատվություն։ Իսկ սկզբունքներից ամենաէականն է գաղտնիություն պահպանելն ու անվտանգություն ապահովելը։

Ընկերության պրոդուկտներից easykiosk վճարային տերմինալները շարունակում են ապահովել հաճախորդներին կանխիկ վճարումներ կատարելու հնարավորությամբ։ Շուտով հասանելի կլինի նաև easy-իի վճարային նոր հավելվածը։