AM
12 Նոյեմբեր 2026 - 11:06 AMT

ՔԿՀ-ն դիտորդների խմբին չի տրամադրել կալանավայրում մահացած Արսեն Գևորգյանի բուժփաստաթղթերը

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արման Սահակյանը և խմբի անդամ Շուշան Խնկոյանը այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ պարզելու Ստեփանավանի համայնքապետի նախկին թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված հանգամանքները։ Այդ մասին ասվում է խմբի տարածած հայտարարության մեջ:

Դիտորդների խմբի անդամները ցանկացել են ուսումնասիրել նաև մահացած անձի բժշկական փաստաթղթերը, սակայն դրանք չեն տրամադրվել՝ պատճառաբանությամբ, որ պարունակում են բժշկական և արդեն նաև նախաքննական գաղտնիք։

Սրտի կաթվածի հետևանքով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած Գևորգյանի փաստաբանները պնդել են, որ նրա առողջական վիճակի վատթարացումից հետո անհրաժեշտ բուժօգնությունը ժամանակին չի տրամադրվել՝ բժիշկներին ՔԿՀ մուտք գործելու հնարավորություն է տրվել միայն Գևորգյանի մահից հետո։ ՔԿԾ-ն հրապարակել է նրա խցի հարևանությամբ տեղադրված տեսահսկման սարքերի արձանագրած ժամանակցույցը:

Դիտորդների խմբի անդամները հանդիպել և զրուցել են հիմնարկի պետի, մահացած անձի խցակիցների, ինչպես նաև այլ ազատազրկված անձանց հետ՝ փորձելով պարզել մահվան դեպքին նախորդած հանգամանքները։

Խմբի անդամներին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ Արսեն Գևորգյանը նախկինում առողջական խնդիրներ չի ունեցել։ Սակայն մահվան օրը՝ նոյեմբերի 10-ի առավոտյան, վերջինս գանգատվել է սրտի շրջանում առաջացած ցավերից։ Ըստ խցակիցների փոխանցած տեղեկությունների՝ նրանք դիմել են հիմնարկի աշխատակիցներին՝ բժշկին կանչելու նպատակով։ Ստացված տեղեկատվության համաձայն հիմնարկի աշխատակիցները կանչել են հերթապահ բուժակին, ով զննել է Արսեն Գևորգյանին, այնուհետև շտապ բժշկական օգնություն է կանչվել։ Խմբին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ շտապօգնության անձնակազմի ժամանման պահին Արսեն Գևորգյանը դեռևս գիտակից է եղել, սակայն գտնվել է ծայրահեղ ծանր՝ մահամերձ վիճակում։

Խմբի անդամները կապ են հաստատել նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որտեղից հայտնել են, որ բժշկական փաստաթղթերը չեն կարող տրամադրվել, քանի որ Խումբը չունի անձի՝ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթանալու վերաբերյալ գրավոր համաձայնությունը։

Նշվում է, որ Դիտորդների խումբը նաև բազմիցս բարձրաձայնել է բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասանելիության հետ կապված խնդիրները, որոնք էական խոչընդոտներ են ստեղծում ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի նկատմամբ արդյունավետ հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։

«Տվյալ դեպքում խնդիրը հատկապես մտահոգիչ է, քանի որ խոսքը մահացած անձի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության մասին է։ Ակնհայտ է, որ Դիտորդների խումբը չէր կարող նախապես տեղեկացված լինել անձի մահվան մասին և մինչև նրա մահը ստանալ համապատասխան գրավոր համաձայնությունը։ Միաժամանակ, անձի մահից հետո նման համաձայնություն ստանալն այլևս հնարավոր չէ։

Ստեղծված իրավիճակում բժշկական գաղտնիքի պահպանման պահանջը փաստացի խոչընդոտում է մահվան հանգամանքների ուսումնասիրությանը և թույլ չի տալիս Դիտորդների խմբին իր իրավասությունների շրջանակներում գնահատել՝ արդյոք անձին տրամադրվել է անհրաժեշտ և պատշաճ բժշկական օգնություն»,-ասվում է հայտարարության մեջ:

Խումբը նաև հիշեցրել է, որ նախկինում բազմիցս ահազանգել է քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների կազմակերպման համակարգային թերությունների մասին։

46-ամյա Արսեն Գևորգյանի մահը գրանցվել է նոյեմբերի 10-ին՝ կալանավայրում։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։