AM
13 Նոյեմբեր 2026 - 11:19 AMT

ԱՄՀ-ն 2026-ին ՀՀ համար կանխատեսում է 5․5 % տնտեսական աճ, 4.8% գնաճ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսել է 5.5 տոկոս տնտեսական աճ և տարեվերջին 4.8 տոկոս գնաճ՝ միաժամանակ կարևորելով ֆինանսական կայունության պահպանումը։

Միջնաժամկետ հեռանկարում ակնկալվում է մոտ 5% տնտեսական աճ։ Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական զարգացումները շարունակում են մնալ կարևոր ռիսկային գործոն, հայտնում է Կենտրոնական բանկը:

Արժույթի միջազգային հիմնադրամը և Հայաստանի իշխանություններն աշխատանքային մակարդակով փոխհամաձայնության են եկել Հայաստանի «Պահուստային ծրագրի» (SBA) երկրորդ վերանայման, ինչպես նաև «Կայունության և դիմակայունության ֆինանսավորման գործիքի» (RSF) շրջանակում իրականացվելիք քաղաքականությունների շուրջ։

Պահուստային ծրագրի երկրորդ վերանայման հաստատումից հետո Հայաստանին հասանելի կդառնա լրացուցիչ 18․4 միլիոն փոխառության հատուկ իրավունքին (ՓՀԻ) համարժեք ֆինանսավորում, որը կազմում է մոտ 25 միլիոն ԱՄՆ դոլար։ Արդյունքում ծրագրով նախատեսված ֆինանսավորման ընդհանուր հասանելի ծավալը կհասնի 55․2 միլիոն ՓՀԻ-ի կամ մոտ 75 միլիոն ԱՄՆ դոլարի։

Միաժամանակ, «Կայունության և դիմակայունության ֆինանսավորման գործիքի» հաստատման պարագայում առաջիկա երկու տարվա ընթացքում Հայաստանը հնարավորություն կունենա օգտվելու մինչև 193․2 միլիոն ՓՀԻ-ի չափով ֆինանսավորումից, որը համարժեք է մոտ 262 միլիոն ԱՄՆ դոլարի։ Այդ միջոցների հասանելիությունը պայմանավորված կլինի ծրագրով նախատեսված չորս վերանայումների հաջող ավարտով։

Նախատեսվում է, որ Պահուստային ծրագիրը կշարունակի նպաստել երկրի մակրոտնտեսական կայունության ապահովմանը և կառուցվածքային բարեփոխումների առաջմղմանը, իսկ Կայունության և դիմակայունության ֆինանսավորման գործիքի միջոցով աջակցություն կտրամադրվի կլիմայական փոփոխությունների հետևանքներին և բնական աղետներին դիմակայելու կարողությունների ամրապնդմանը։

Արժույթի միջազգային հիմնադրամը նաև դրական է գնահատել Հայաստանի բանկային համակարգի վիճակը՝ արձանագրելով, որ այն շարունակում է գործել շահութաբերությամբ և պահպանել կապիտալի ու իրացվելիության բարձր պահուստային բուֆերներ։