AM
13 Նոյեմբեր 2026 - 18:46 AMT

2027-ին Գյումրիում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու

2027 թվականին Գյումրիում կմեկնարկի ճանապարհների լայնածավալ հիմնանորոգման ծրագիր՝ տարեկան մոտ 25 կիլոմետր ծավալով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

Նշվում է, որ ծրագրի նպատակը ոչ միայն քաղաքի փողոցների վերանորոգումն է, այլև ճանապարհների որակի բարձրացումն ու երկարաժամկետ շահագործման ապահովումը։

«Այսօր հանդիպեցի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանի, հիմնադրամի աշխատակիցներ՝ Երևանի և Գյումրիի ասֆալտապատման աշխատանքների համակարգող Արմեն Ղազարյանի և ճարտարապետ Ռիմա Հարությունյանի հետ։

Քննարկեցինք վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում իրականացվելիք ճանապարհաշինական ծրագրերի նախապատրաստական աշխատանքները։

Հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկն արդեն պատրաստ է։ Մանրամասն քննարկեցինք յուրաքանչյուր փողոցի առանձնահատկությունները, նախագծային և տեխնիկական լուծումները, աշխատանքների ծավալները, ինչպես նաև առկա ինժեներական ենթակառուցվածքների հետ կապված հարցերը։

Ինձ համար չափազանց կարևոր է, որ իրականացվող աշխատանքների արդյունքում Գյումրին ունենա ոչ թե պարզապես ասֆալտապատված, այլ որակյալ և երկարաժամկետ շահագործման համար նախատեսված ճանապարհներ։ Դրա համար անհրաժեշտ է բոլոր հնարավոր խնդիրները բացահայտել և լուծել դեռևս նախագծման ու նախապատրաստական փուլում՝ հետագայում նորոգված ճանապարհները կրկին քանդելու անհրաժեշտությունից խուսափելու համար»,-ասվում է գրառման մեջ:

Մարզպետը հավելել է, որ կարևոր է բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտել ժամանակին, որպեսզի 2027 թվականին ճանապարհաշինական ծրագրերը մեկնարկեն առանց խոչընդոտների և իրականացվեն պատշաճ որակով։