AM
16 Նոյեմբեր 2026 - 12:11 AMT

Նարեկ Կարապետյան․ Առաջին Սահմանադրությունն ընդունվել է ժողովրդի կամքով՝ միակ բանն է, որին հայերի 99 տոկոսը կողմ է եղել

Անկախության հռչակագիրը ժողովրդի կամքով է, առաջին Սահմանադրությունն ընդունվել է ժողովրդի կամքով՝ միակ բանն է, որին հայերի 99 տոկոսը կողմ է եղել, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Նարեկ Կարապետյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավարԱննա Գրիգորյանն ու «Ապրելոը երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը քննադատել են Սահմանադրությունից անկախության հռչակագրի հղումը հեռացնելու նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա հնարավոր վտանգները, հայտնում է «Փաստինֆոն»:

Կարապետյանը հարց է հնչեցրել՝ եղե՞լ է արդյոք մի բան, որ հայերի 99 տոկոսը կողմ լինի միևնույն բանին և պատասխանելով ինքն իր հարցին ասել է, որ դա եղել է Անկախության հռչակագրին այո ասելը։

«Միակ բանը, որի շուրջ մենք նույն կարծիքն ունենք դա է, պառակտումից զերծ բան է սա։ Շատ կարևոր բան կա այնտեղ ցեղասպանության մասին, ամբողջ երկրիդ ապագայի հիմքը դրված է։ Անկախության հռչակագիրը մեր ժողովրդի կամքով է, առաջին Սահմանադրությունն ընդունվել է ժողովրդի կամքով, իսկ հիմա աննկարագրելի է, որ քո հակառակորդը, երեկվա թշնամին քեզ պատվիրում ու պարտադրում է փոխել այն։ Լեգիտումությունը գալիս է հարևան ոչ ժողովրդավար երկրից, այլ ոչ թե ժողովրդից»,-ասել է Կարապետյանը։

Աննա Գրիգորյանը նշել է, որ իշխանությունն ու նրանց սատարողներն առաջ են տանում այն թեման, որ Սահմանադրությունից անկախության հռչակագրի հղումը հանելով այն շարունակում է գոյություն ունենալ, սակայն փոխարենը կարող ենք ստանալ խաղաղություն, հարատևություն։

Անդրադառնալով այդ թեմային՝ Կարապետյանը հիշեցրել է իշխանությունների նախկին հայտարարությունները:

«Ասում էին, թե մի քանի ձյունոտ սարի համար մենք հակադրություն չենք անի, նույնն էլ ասում էին Տավուշի գյուղերի համար, հետո ճանապարհի համար ասացին։ Տեխնիկական են դարձնում հարցը։ Սահմանադրության ու անկախության հռչակագրում գրված է, որ մեր երկրի անունը Հայաստանի Հանրապետություն է, որ մեր երկրի ամբողջ ընդերքը, հարստությունները պատկանում են ժողովրդին, այս ամենը գրված է։ Ասում էին, որ մի ճանապարհ է էլի, տանք թուրքերին, որ խաղաղություն գա։ Ճանապարհը տվեցին, բայց խաղաղություն չկա։ Սրան վերջ չկա»,-ասել է նա:

Իր հերթին Մանե Թանդիլյանը մտահոգություն է հայտնել Անկախության հռչակագրի հիշատակումը Սահմանադրությունից հանելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ նման որոշումը կարող է ընկալվել որպես համաձայնություն այն պնդմանը, թե Հայաստանը հռչակագրում տարածքային պահանջներ է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ։ Թանդիլյանն այդ մոտեցումը վտանգավոր է որակել։

«Նշանակում է համաձայնել Ալիևի հետ։ Դա փաստ է, պատմական փաստ ու դրա ուրացումն ու կոծկելը նշանակում է, որ ընդհանրապես կոծկում ենք մարդկության դեմ կատարված ոճրագործությունը»,-ասել է Թանդիլյանը։

Ընդդիմադիր գործիչներն ամփոփել են «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման հերթական ակցիան: