AM
16 Նոյեմբեր 2026 - 14:17 AMT

Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթի հանդիպումը: Զրուցակիցները բարձր են գնահատել Պնոմպենում ընթացող ՖՄԿ գագաթնաժողովի ընթացքն ու նշել, որ այն անցնում է արդյունավետ քննարկումներով, որոնք նպաստում են կազմակերպության շրջանակում պետությունների սերտ համագործակցությանը:

Հայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձել առկա ներուժի իրացմանը միտված քայլերին:

Չնայած պետությունների միջև առկա հեռավորությանը՝ կողմերն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և խաղաղությանը միտված քայլերի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Կամբոջայի վարչապետ Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթի և վարչապետի տիկին Լոկ Չումթեավ Բինդիտ Պիչ Չանմոնի անունից ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին: Ընթրիքի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև արտերկրի գործընկերների հետ: