AM
16 Նոյեմբեր 2026 - 14:34 AMT

Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ

Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը։ Նրա պաշտոնավարման ժամկետը սահմանվել է վեց տարի։

Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնը թափուր էր մնացել նոյեմբերի 6-ից, երբ Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո, Էդգար Շաթիրյանը հրաժարական էր ներկայացրել։

Շաթիրյանը շարունակում է լինել ՍԴ դատավոր:

Իր հրաժարականի պատճառները ներկայացնելիս Շաթիրյանը հայտարարել է. «Հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները, ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը՝ որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ»։

Նախկին փոխնախագահը նաև հարցականի տակ է դրել 2020 թվականի հունիսին իրականացված սահմանադրական փոփոխությունների վերջնական նպատակը՝ հետաքրքրվելով, թե արդյոք այդ փոփոխությունների արդյունքում ստեղծված իրավիճակն է եղել դրանց իրական նպատակը։