AM
17 Նոյեմբեր 2026 - 11:46 AMT

Ղազախստանը արգելել է ձվի ներմուծումը, այդ թվում Հայաստանից

Ղազախստանի իշխանությունները երկու ամիս ժամկետով արգելք են սահմանել երկիր հավի ձվի ներմուծման վրա։ Սահմանափակումը գործում է տրանսպորտի բոլոր տեսակների համար և տարածվում է նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին, ժամանակավոր արգելքը վերաբերում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 040721 ծածկագրին դասվող հավի թարմ ձվին, գրում է Auroranews.am-ը:

Սահմանված արգելքը չի գործում տարանցիկ փոխադրումների դեպքում։

Բացի այդ, բացառություն է արվել ապրանքների երկու խմբի համար.

  • Նախապես ձևակերպված խմբաքանակներ. ձու, որն արտահանողի կողմից մաքսային ընթացակարգով ձևակերպվել է մինչև հրամանի ուժի մեջ մտնելը, սակայն Ղազախստանի տարածք է հասել դրանից հետո (ներմուծողից պահանջվում է արտահանման կամ տարանցման հայտարարագիր)։
  • Արդեն ներմուծված խմբաքանակներ. ձու, որը փաստացի երկիր է ներմուծվել մինչև սահմանափակման ուժի մեջ մտնելը (պահանջվում է բեռի ժամանումը հաստատող ուղեկցող բեռնագիր)։