Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են ձմռանն ընդառաջ էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր։ Այդ մասին Կոսը հայտնել է X-ի իր միկրոբլոգում:
Կոսի խոսքով՝ ԵՄ-ի աջակցությունն արդեն դրական արդյունքներ է տալիս հայ ֆերմերներին և գործարարներին։ Այս տարվա ընթացքում Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ աճել է ավելի քան 50 տոկոսով, հայտնում է Radar.am-ը:
«Մենք նաև առաջ ենք շարժվում այնպիսի ծրագրերով, որոնք կնպաստեն Հայաստանի և հարևան երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ և նպաստելով տարածաշրջանում կայունության ամրապնդմանը»,- գրել է Կոսը։
Ըստ ԱԳՄԱ նախարարության՝ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման և համագործակցության տնտեսական բաղադրիչի խորացման հարցեր։
Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը կարևորել են տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման նախաձեռնությունների իրականացումը՝ որպես տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման կարևոր գործոն:
Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկ փոխկապակցվածության, դիմակայունության ամրապնդման ուղղություններով քաղաքական հանձնառությունները կոնկրետ ծրագրերի և ներդրումների վերածելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ կողմից հայկական արտադրանքի համար ինքնավար միջոցների տրամադրումը, որոնց պրակտիկ կիրառման ուղղությամբ համատեղ աշխատանքներն արդյունք են տալիս՝ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեսքով:
Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում մոտեցումները:





