ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանել է Մոսկվա նախատեսված աշխատանքային այցի չեղարկման պատճառները։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Պապոյանը Մոսկվա կմեկնի նոյեմբերի 18-ին:
«Գործընկեր երկու նախարարներ վերջին պահին չեն կարողացել մասնակցել, և այդ պատճառով որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը։ Փոխարենը` փոխնախարարները, որոնք արդեն այնտեղ էին, կունենան այդ հանդիպումը»,– նշել է Պապոյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրել են, որ Գևորգ Պապոյանի փոխարեն Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը։
Նոյեմբերի 17-ին հաղորդվել էր, որ Պապոյանի աշխատանքային այցը Մոսկվա նախատեսված է նոյեմբերի 18–19-ը։ Նախարարը պետք է մասնակցեր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առևտրային քաղաքականությանն ու ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ուղղություններին նվիրված խորհրդակցություններին։





