AM
19 Նոյեմբեր 2026 - 12:18 AMT

Փաշինյան․ Փաշինյան․ Եթե ժողովուրդն «այո» ասի Սահմանադրությանը, հաջորդ ընտրություններին չեմ առաջադրվի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է գնալ նոր Սահմանադրության հանրաքվեի՝ հայտարարելով, որ դրա մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի լինի։ Նա այդ մասին ասել է կառավարության նիստում։

«Առաջարկում եմ ընդդիմությանը՝ եկեք գնանք հանրաքվեի։ Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս։ Եթե ժողովուրդը «այո» կասի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններին չեմ լինի վարչապետի թեկնածու»,- հայտարարել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը:

Վարչապետը նշել է, որ նախորդ օրը խորհրդարանում մասամբ ներկայացրել էր առաջարկը, իսկ այժմ ցանկանում է այն հստակ ձևակերպել։

Անդրադառնալով նոր Սահմանադրության մշակմանը՝ Փաշինյանը հայտնել է, որ նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Նա ընդգծել է, որ այն ենթակա է լրամշակման՝ միաժամանակ սահմանելով իշխանության համար սկզբունքային գաղափարական շրջանակը։

«Սահմանադրության նախագիծը պետք է միանշանակ լրամշակվի, բայց այն չի կարող հատել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության գծերը»,- ասել է վարչապետը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման համար անհրաժեշտ երաշխիքներ կան։ Նա այդ մասին ասել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ իր առաքելության ավարտը կապելով համաձայնագրի ստորագրման ու վավերացման հետ։