ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հերքել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հակասությունների մասին լուրերը, միևնույն ժամանակ նշել, որ հետագայում ոչ մի պաշտոն չի բացառում:
«Ես ոչ մի պաշտոն չեմ բացառում։ Ես ոչ մի բան չեմ բացառում՝ վարչապետից մինչև թաղապետ, միայն կաթողիկոսին բացառեք։ Չեմ բացառում նաև, որ ինչ-որ պահից քաղաքականությամբ այլևս չզբաղվեմ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հավակնում է արդյոք քաղաքապետի պաշտոնին, գրում է «Ազատությունը»:
Սիմոնյանն ավելի վաղ սոցցանցի իր էջում տարածել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի տեսանյութը, որտեղ վերջինս խցանումների համար քննադատում էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ առանց նրա անունը տալու։
«Տիգրան Ավինյանի ոտքի տակը ոչ ոք չի փորում: Աննա Հակոբյանի տեսանյութը տարածել եմ, որովհետև ես Երևանում եմ ապրում։ 2018 թվականին Երևանի ավագանու անդամ էի, ուզում էի քաղաքապետ դառնալ, և այդ ժամանակվանից այդ խոսակցությունը մնացել է»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ իր քննադատությունն ուղղված է ճանապարհային խցանումների խնդրին։





