Մինչև 2035 թվականն աշխարհում մահմեդականների քանակը , ըստ կանխատեսումների, կգերազանցի քրիստոնյաների թվին, իսկ իսլամը կդառնա ամենաշատ հետևորդներ ունեցող կրոնը։ Նման կանխատեսում է ներկայացրել Վաշինգտոնում գործող ոչ առևտրային վերլուծական կենտրոնը՝ Pew Research Center-ը։
Ինչպես նշել է Associated Press գործակալությունը, ժողովրդագրական այս փոփոխության հիմնական պատճառներից մեկը մահմեդականների շրջանում ծնելիության ավելի բարձր ցուցանիշն է՝ համեմատած մյուս խոշոր կրոնական խմբերի ներկայացուցիչների հետ, գրում է Deutsche Welle-ն:
Pew Research Center-ի տվյալներով՝ 2020-2025 թվականներին մեկ մահմեդական կնոջ հաշվով ծնելիության գործակիցը կազմել է 3․1 երեխա, իսկ մեկ քրիստոնյա կնոջ հաշվով՝ 2․5 երեխա։
Մյուս կրոնական խմբերում ծնելիության միջին գործակիցը կազմել է 1․6 երեխա։ Այս ցուցանիշը ցածր է բնակչության բնական վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ 2․1 մակարդակից։
Վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝ 2020 թվականին աշխարհում բնակվել է 2/27 միլիարդ քրիստոնյա և 2․02 միլիարդ մուսուլման։ Կանխատեսումների համաձայն՝ 2035 թվականին մուսուլմանների թիվը կհասնի 2․57 միլիարդի, իսկ քրիստոնյաներինը՝ 2,52 միլիարդի։
Ժողովրդագրական ներկայիս միտումների պահպանման պարագայում 2070 թվականին աշխարհում մահմեդականների թվաքանակը կգերազանցի 3․6 միլիարդը, մինչդեռ քրիստոնյաների թիվը փոքր-ինչ պակաս կլինի 3 միլիարդից։
Կանխատեսումները կազմելիս հետազոտողները հաշվի են առել բնակչության տարիքային կառուցվածքի տարբերությունները, ծնելիության ցուցանիշները, ինչպես նաև կրոնական պատկանելության փոփոխության և միգրացիայի միտումները։
Pew Research Center-ի մասնագետները նաև կանխատեսել են, որ մոտ 40 տարի անց քրիստոնյաներն այլևս չեն կազմի ԱՄՆ բնակչության մեծամասնությունը։ Ներկայում քրիստոնյաները կազմում են երկրի չափահաս բնակչության 62 տոկոսը, սակայն մինչև 2065 թվականն այդ ցուցանիշը կնվազի 50 տոկոսից։
Գերմանական իսլամական համաժողովի տվյալներով՝ Գերմանիայում բնակվում է մոտ 5․5 միլիոն մուսուլման, որոնցից մոտ 3 միլիոնն ունի Գերմանիայի քաղաքացիություն։





