Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ նախատեսելով համատեղ ցուցադրություններ, գիտամշակութային ծրագրեր և մասնագիտական փորձի փոխանակում։
Աթենքի ազգային հնագիտական թանգարանում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Աթենքի ազգային հնագիտական թանգարանի գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Նիկոլենցոսը, հայտնում է Հայաստանի պատմության թանգարանի մամուլի ծառայությունը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության շրջանակում կազմակերպելու համատեղ ցուցահանդեսներ, իրականացնելու գիտական և մշակութային տարբեր նախաձեռնություններ, ինչպես նաև ապահովելու մասնագիտական գիտելիքների ու փորձառության փոխանակում։
Պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Փաստաթղթի ստորագրությունից հետո մասնակիցները շրջել են Աթենքի ազգային հնագիտական թանգարանի ցուցասրահներով՝ ծանոթանալով թանգարանի հավաքածուներին գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Նիկոլենցոսի ուղեկցությամբ։
Ձեռք բերված համաձայնությանն անդրադարձել է նաև Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ ներկայացնելով համագործակցության ձևավորման նախապատմությունը և հետագա ծրագրերը, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:
«Երկու տարի առաջ մեկնարկած քննարկումները և համագործակցության առաջարկությունները ՝ Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, ստացան իրավապայմանագրային բնույթ Հայաստանի պատմության թանգարանի և Աթենքի հնագիտական թանգարանի միջև Համագործակցության հուշագրի ստորագրմամբ։ Ի դեպ, Ակրոպոլիսի թանգարանում Հայաստանին նվիրված աննախադեպ ցուցահանդեսի կազմակերպման քննարկումներին զուգահեռ քննարկվել է նաև Հին Հունաստանին նվիրված Հայաստանում երբևէ առաջին ցուցահանդեսի կազմակերպումը, ինչը, հուսանք, կյանքի կկոչվի առաջիկայում»,-գրել է դեսպանը։





