«Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունն առաջարկել է ստեղծել միասնական հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի հավաքագրել, քննարկել և մշակել սահմանադրական փոփոխություններին առնչվող սկզբունքներն ու առաջարկները։
Նախաձեռնությունը նաև մշակել է սահմանադրաիրավական ուղենշային առաջարկությունների փաթեթ, որը, ըստ հեղինակների, պետք է հիմք դառնա հանրության իրական պահանջներից բխող նոր Սահմանադրության տեքստի պատրաստման համար։
«Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է գալիս ՀՀ նոր Սահմանադրության հայեցակարգային սկզբունքների հավաքագրման և մշակման միասնական հարթակի ստեղծման առաջարկով՝
ազդարարելով հանդիպումների, քննարկումների և կառուցողական բանավեճերի շարքի մեկնարկը, որոնց առանցքում լինելու է զսպումների և հակակշիռների խաթարման, իշխանության մենաշնորհացման և միահեծան կառավարման ռիսկերի վերացման ու իշխանության փոփոխելիության երաշխավորման դրույթների սահմանումը։
Զուգահեռաբար, նախաձեռնությունը մշակել է սահմանադրաիրավական ուղենշային առաջարկությունների փաթեթ՝ միտված իրական հանրային պատվերի վրա խարսխված նոր Սահմանադրության տեքստի մշակմանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նոր Սահմանադրության մշակումը ոչ թե քաղաքական նպատակահարմարություն է կամ օրվա իշխանության օրակարգ, այլ խորքային հանրային պատվեր՝ միտված արդար, կայուն և անվտանգ ապագայի կերտմանը:





