Նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է վերափոխել զանգվածային լրատվության միջոցների կարգավորման համակարգը՝ սահմանելով ֆինանսական թափանցիկության պահանջ և ՀՌՀ-ի գործառույթներն ապագայում փոխանցելով ինքնավար մարմնի։
Հայաստանի Հանրապետության 2015 թվականին ընդունված Սահմանադրության և հրապարակված նոր նախագծի համեմատությունը ցույց է տալիս, որ զանգվածային լրատվության միջոցների ու քաղաքական կուսակցությունների գործունեության կարգավորման հարցում առաջարկվել են մի շարք բովանդակային, կառուցվածքային և սկզբունքային փոփոխություններ, հայտնում է Factor.am-ը:
Գործող Սահմանադրությունում ԶԼՄ-ների ազատությունը կարգավորված էր 2-րդ գլխում՝ կարծիքի արտահայտման ազատության ընդհանուր հոդվածի ներքո։
Նոր նախագծում ԶԼՄ-ներին նվիրված է առանձին 3-րդ գլուխը («Կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ») և հատուկ 28-րդ հոդվածը։ Նոր նախագծի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանադրաիրավական մակարդակով ամրագրվել է նոր պահանջ․ «Զանգվածային լրատվության միջոցները գործում են ֆինանսական թափանցիկության սկզբունքով»։
2015 թ.-ի Սահմանադրությամբ ՀՌՀ-ն հանդիսանում է անկախ սահմանադրական պետական մարմին։ Նոր նախագծում ՀՌՀ-ն դուրս է հանվել Սահմանադրությամբ նախատեսված հիմնական մարմինների ցանկից․ ըստ անցումային դրույթների՝ այն շարունակելու է գործել միայն մինչև օրենքով դրա գործառույթներն իրականացնող ինքնավար մարմնի ձևավորումը։





