ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին, ընդգծել է, որ տարածքային հավակնությունների բացակայությունն արդեն ամրագրված է համապատասխան փաստաթղթերով։
Նա հավելել է, որ Բաքուն ձգտում է միջամտել Հայաստանի ներքին գործերին:
«Մեր հարևան երկրի ղեկավարին դուր չի գալիս, որ մեր Սահմանադրությունը հիմնված է մեր ծննդյան վկայականի՝ Անկախության հռչակագրի վրա։ Ասում է՝ մի Սահմանադրություն ընդունեք, որտեղ այս կամ այն բառը տեղ չունենա, տարածքային պահանջներ չլինեն…
Նախ մեր Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում, ըստ որի` տարածքային հավակնություններ գոյություն չունեն։ Երկրորդ՝ նույն Ալիևի կողմից նախաստորագրված փաստաթղթի 2–րդ հոդվածում ասվում է, որ կողմերը միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ։ Այսինքն՝ նույնիսկ եթե իրենց մտքով ինչ–որ մտավախություններ լինեին էլ, փարատված են:
Ինչո՞ւ է ուզում հարևան երկրի նախագահն իր քիթը մտցնել Հայաստանի ներքին գործերի մեջ: Բաքվի ընկալմամբ՝ հայերը պետք է ներողություն խնդրեն: Ես ներողություն խնդրելու բան չունեմ: Դուք ևս, սիրելի հայրենակիցներ, ներողություն խնդրելու առիթ չունեք: Մեր պայքարը եղել է հայ մարդու ապրելու իրավունքի համար»,- նշել է Գրիգորյանը։





