AM
24 Նոյեմբեր 2026 - 14:25 AMT

«Աշտարակ կաթ» ընկերության որոշ կաթնամթերքների արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության երեք արտադրատեսակների արտադրությունը՝ անվտանգության պահանջներին անհամապատասխանության պատճառով։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոց 13 հասցեում գործող «Աշտարակ միլկ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասում։

Ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության են ուղարկվել «Սարի կաթ «Կովիկ»» պաստերացված՝ առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1.5%, Կաթնաշոռ «Դասական» 7% և «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ» 1.5%» արտադրատեսակների նմուշները։

Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ նշված արտադրատեսակների նմուշներն աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն բավարարել սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերով ամրագրված անվտանգության ու հիգիենայի պահանջները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սարի Կաթ Կովիկ» պաստերացված՝ առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1.5%, Կաթնաշոռ «Դասական» 7% և «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ»» 1.5% արտադրատեսակների արտադրությունը։

Կասեցման որոշումը կգործի մինչև արձանագրված խախտումների վերացումը։