AM
24 Նոյեմբեր 2026 - 15:40 AMT

Նարեկ Կարապետյան․ ՀՀ ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ղեկավարի ցուցումով

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ խմբակցության ուղերձը՝ նշելով, որ մեր երկրի «ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ղեկավարի ցուցումով»։

Նա նշել է նաև, որ իշխանափոխությունը չի կարող ազգային արժանապատվության հաշվին իրականացվել:

«Այսօր Հայաստանի կառավարության ղեկավարը ժողովրդին ներկայացրեց Ալիևի պահանջած սահմանադրական փոփոխությունների ծրագիրը՝ փորձելով հիմնավորել իր որոշումը և հայտարարելով, թե իբր դա անում է ոչ թե արտաքին ճնշման ներքո, այլ ներքին պահանջով: Խորհրդարանում Փաշինյանը հայտարարել է, թե կգնա և կբանակցի, որպեսզի սա լինի մեր վերջին զիջումը՝ դրանով իսկ ապացուցելով, որ որ Ալիևի հետ բանակցել է այն մասին, որ Սահմանադրության փոփոխությունը դառնա վերջին զիջումը։ Եվ այսօր նա առանց վարանելու ստեց։

Աշխարհում նման դեպքեր չկան, որ հարևան երկրի քաղաքական առաջնորդի ցուցումով, որի հետ տասնամյակների հակամարտություն է եղել, որը պատասխանատու է 100,000 հայերի բռնագաղթի համար, մեր դեմ երեք պատերազմ է սկսել, փոխվի երկրի ծննդյան վկայականը»,-ասել է նա:

Նա նշել է, որ իշխանափոխությունը չի կարող ազգային արժանապատվության հաշվին իրականացվել՝ անդրադառնալով վարչապետի առաջարկին սահմանադրական հանրաքվեի համար պակասող 6 ձայնը տրամարդելու վերաբերյալ:

«Աշխարհում ցանկացած ընդդիմություն կցանկանար նման առաջարկ ստանալ, որպեսզի պարտության խորհրդանիշը հեռանա։ Բայց ոչ այս դեպքում, ոչ հայաստանյան ընդդիմությունը, ոչ մենք։ Այսինքն՝ նա առաջարկում է համաձայնել ալիևյան Սահմանադրությանը՝ հնարավոր իշխանության դիմաց։ Բայց ինչո՞վ ենք մենք տարբերվելու Փաշինյանից, եթե համաձայնենք։ Փաշինյանը թերագնահատել է մեզ։ Իշխանությունն ու Փաշինյանի հեռացումը մեզ անհրաժեշտ են մեր պետական արժանապատվությունը վերականգնելու համար»,-ասել է Կարապետյանը:

Հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որտեղ բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Այն հանրաքվեի դնելու համար պակասում է 6 ձայն: Հանրությանն ուղղված ուղերձում վարչապետը վերահաստատեց առաջարկը, որի համաձայն՝ հանրաքվեի արդյունքից է կախված լինելու նաև իր քաղաքական ապագան։ Եթե քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, նա խոստանում է անհապաղ հրաժարական տալ, իսկ «այո»-ի դեպքում՝ հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրություններին չառաջադրվել վարչապետի պաշտոնում։