ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հերքել է Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Գևորգ Հարությունյանի՝ ոստիկանության կողմից ճնշումների ենթարկվելու մասին պնդումները։ Նա նշել է, որ «այն դարը չէ, որ կարելի է ինչ-որ մեկի վրա գործ սարքել առանց որևէ ապացույցի»:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՆԳ նախարարն անդրադարձել է Գևորգ Հարությունյանի՝ դատական նիստում հնչեցրած հայտարարություններին՝ նշելով, որ անձամբ մասնակցել է դեպքից հետո իրականացված օպերատիվ աշխատանքների համակարգմանը, հայտնում է Panorama.am-ը:
«Այդ հայտարարություններին որևէ կարևորություն չեմ տվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես եղել եմ Վաղարշապատի ոստիկանության բաժնում, եղել եմ օպերատիվ աշխատանքները համակարգողը»,- ասել է Արփինե Սարգսյանը։
Նախարարի համոզմամբ՝ եթե ոստիկանությունը որևէ անձից հարկադրաբար ցուցմունք ստանալու նպատակ ունենար, դա կաներ դեպքի առաջին իսկ օրը՝ առանց ապացույցների ու ցուցմունքների հավաքագրմանը սպասելու։
«Եթե մենք նպատակ հետապնդեինք սարքել այդ գործընթացը, կեղծել ապացույցները, առաջին օրը կանեինք, բայց այդ մտադրության չէինք։ Ասել՝ ստիպել և այլն, և այլն… կան գործով ապացույցներ, ցուցմունքներ, փորձաքննության արդյունքներ, այն դարը չէ, որ կարելի է ինչ-որ մեկի վրա գործ սարքել առանց որևէ ապացույցի»,- ասել է Սարգսյանը։
Նախարարը նաև հարց է բարձրացրել, թե ինչու է մեղադրյալը նման հայտարարություններով հանդես եկել շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո, եթե կարող էր այդ մասին բարձրաձայնել առաջին կամ երկրորդ ամսվա ընթացքում։
Սարգսյանը հավաստիացրել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ են բոլոր ապացույցները։
2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ, սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Դեպքի հետևանքով սպանվել է նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է և նրա կողքին է եղել ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում։
Ավելի վաղ տեղի ունեցած դատական նիստում մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոստովանել է սպանության իրականացումը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները, սակայն նոյեմբերի 12-ի դատական նիստում նա հայտարարել է, որ նախկինում իր վրա է վերցրել պատասխանատվությունը՝ ընտանիքի անվտանգության վերաբերյալ ենթադրյալ սպառնալիքների պատճառով։
«Վարդան Վարդանյանը, եթե չեմ սխալվում՝ փոխոստիկանապետն էր, ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել։ Չգիտեի՝ ինչ ասեի, ծանր գործը վերցնեմ իմ վրա՞, թե՞ ոչ։ Սովորական գողութուն, խուլիգանություն չէր, էլի։ Ասացին՝ տանը փոքր քուր ունես, մեր, տարիքով պապ ու տատ … Անընդհատ դա էին առաջ բերում, ինձ ասում։ Այդ ամեն ինչից ելնելով՝ վերցրեցի այդ ամենն իմ վրա, քանի որ իմ ընտանիքի հետ կապված նման բաներ էին ասում»,-ասել է նա:





