AM
24 Նոյեմբեր 2026 - 17:57 AMT

Արցախից բռնի տեղահանվածների ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվում է ևս 1 տարով

Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրված ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվում է մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը, հայտնում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Կառավարության որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունն ապահովելու և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում հնարավոր վարչական խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ»,- հայտնում է ՄՔԾ-ն։

Գործող կարգավորումների համաձայն՝ «070» ծածկագրով անձը հաստատող փաստատող փաստաթուղթը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։

Բացի այդ, «070» ծածկագրով անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։

Սա կարող է խնդիրներ առաջացնել այն անձանց համար, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, քանի որ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի շարքում օրենսդրությամբ նախատեսված է նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի ներկայացումը։

Ժամանակավոր պաշտպանության վկայականները փոխարինելու կարիք չկա, դրանց ժամկետը կարգավորվում է հեռավար։

Ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձանց անձը հաստատող փաստաթուղթ համարվող 070 կոդով հին նմուշի անձնագրերի արտադրությունը և տրամադրումը շարունակվում է։