AM
25 Նոյեմբեր 2026 - 18:18 AMT

ՀՀ–ում առաջարկվում է ընտանեկան բռնության դեպքերի համար թեժ գիծ գործարկել

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցելու նպատակով առաջարկվել է ստեղծել շուրջօրյա գործող թեժ գիծ՝ անանուն դիմելու հնարավորությամբ, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։

Նախարարությունը համապատասխան նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման՝ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» արշավի շրջանակում։

«Նախագծի նպատակն է ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում օգնության դիմելու անվճար, շուրջօրյա և համապետական հասանելիությամբ ծառայություն։ Ընտանեկան բռնության ենթարկված անձը դրա միջոցով կստանա առաջնային խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվություն և համապատասխան աջակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն»,- նշված է նախագծում։

Առաջարկվող ծառայությունը հասանելի կլինի շաբաթվա բոլոր օրերին՝ շուրջօրյա ռեժիմով։ Քաղաքացիները կկարողանան օգնության դիմել ոչ միայն հեռախոսազանգերի, այլև կայքի, հավելվածի, էլեկտրոնային փոստի և հաղորդագրությունների միջոցով։

Նախագծով նախատեսվել է նաև գաղտնիության պահպանման հնարավորություն՝ թույլ տալով քաղաքացիներին դիմել անանուն։ Անձի կողմից սեփական ինքնությունը չբացահայտելը չի կարող աջակցության տրամադրումը մերժելու հիմք դառնալ։