AM
26 Նոյեմբեր 2026 - 13:37 AMT

Տիգրան Արզաքանցյանը` «Մերգելյան ինստիտուտի» տնօրեն

ԱԺ նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը։

Արզաքանցյանը, անդրադառնալով հանրության շրջանում որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական հաստատության ղեկավարումը ստանձնելուն, կարևորել է կենտրոնի գիտական ժառանգության պահպանումն ու զարգացման նոր հեռանկարների ստեղծումը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում:

«1956 թվականին հիմնադրված ինստիտուտն այս տարի նշում է իր 70-ամյակը։ Տասնամյակներ շարունակ այն կարևոր դեր է ունեցել Հայաստանի գիտատեխնոլոգիական ներուժի ձևավորման և զարգացման գործում՝ լինելով խորհրդային տարիների առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը։

Ինձ համար հատկապես խորհրդանշական է ինստիտուտի ղեկավարումը ստանձնել հենց հոբելյանական տարում։ Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ։

Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։

Առջևում մեծ և պատասխանատու աշխատանք կա»,-նշել է նա: