Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն այն մասին, որ Հայաստանը չպետք է Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ քայլեր իրականացնի: Այդ մասին վարչապետն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:
«Եթե պարոն Գրիգորյանն այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, երբ օրենքն ընդունվել է, պարոն Գրիգորյանը պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր: Ես եմ որոշում կայացրել, որ պարոն Գրիգորյանն այլևս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում չպետք է աշխատի, և, իհարկե, ես իրեն ուրիշ աշխատանք առաջարկել եմ, ինքը հրաժարվել է»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը:
Վարչապետը հավելել է, որ Արմեն Գրիգորյանը հրաժարական չի ներկայացրել Ազգային ժողովի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրենքի ընդունման ժամանակ և խորհրդարանական ընտրություններից հետո:
«Այդ դիրքորոշումները տարօրինակ են»,- եզրափակել է Փաշինյանը:
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականին օրենք է ընդունել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։
Պաշտոնանկությունից հետո Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա Եվրամիության հետ, սակայն անդամակցությունից զերծ մնա:





