AM
26 Նոյեմբեր 2026 - 18:39 AMT

Մոլդովայում ՀՀ պատվիրակներին են ներկայացրել էներգետիկ խոցելիության նվազեցման փորձը

Մոլդովայի իշխանությունները Հայաստանի կառավարական պատվիրակությանն են ներկայացրել բնակչության էներգետիկ խոցելիության նվազեցման և էներգետիկ ծախսերի փոխհատուցման համակարգի ներդրման իրենց փորձը։

Մոլդովայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 26-ին հայտնել է, որ հանդիպման ընթացքում հայկական կողմը ծանոթացել է էներգետիկ փոխհատուցումների «Ajutor la contor» համակարգի գործունեության սկզբունքներին, ինչպես նաև նախորդ ջեռուցման սեզոններին ի հայտ եկած դժվարություններին, հայտնում է Factor.am-ը:

Գերատեսչության պետական քարտուղար Անաստասիա Օչերետնայան հայ գործընկերներին ներկայացրել է էներգետիկ խոցելիության նվազեցման հիմնադրամի աշխատանքային մեխանիզմները։

Նա մանրամասնել է Մոլդովայում տնային տնտեսությունների էներգետիկ խոցելիության մակարդակի որոշման սկզբունքները և գործընթացի բոլոր փուլերի թվայնացման առանձնահատկությունները՝ սկսած դիմումների ընդունումից ու ստուգումից մինչև փոխհատուցման գումարների հաշվարկն ու վճարումը։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև նման համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական և ինստիտուցիոնալ նախադրյալներին։ Քննարկվել են նախորդ ձմեռների ընթացքում Մոլդովայի կուտակած գործնական փորձն ու դրանից քաղած դասերը։

Հանդիպումն անցկացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ։ Կազմակերպությունն օժանդակել է Մոլդովայի նախարարությանը բնակչության էներգետիկ խոցելիության նվազեցման ծրագրի մշակման ու իրագործման հարցերում։