2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում օրենքների դրույթներ, որոնք վերաբերում են ամուսինների ընդհանուր բնակարանին, կենսաթոշակային տարիքի հասած սեփականատերերի բնակարանին և խանութ վերադարձվող ապրանքին, հայտնում է Iravaban.net-ը:
Հունվարի 1-ից կփոխվի գնված ապրանքների վերադարձի հարկային ձևակերպման ընթացակարգը։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնով՝ ՀԴՄ-ով ձեռք բերված ապրանքը վերադարձնելու դեպքում գնորդին կտրամադրվի ՀԴՄ վերադարձի կտրոն։ Այս կարգավորումը չի փոխում ապրանքների վերադարձի պայմանները և վերաբերում է բացառապես գործարքի հարկային ձևակերպմանը։
Ամուսինները հնարավորություն կունենան համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը գրանցել որպես կողակցի սեփականություն։
Այդ դեպքում ամուսիններից մեկի մահվանից հետո բնակարանը չի ընդգրկվի մահացած անձի ժառանգության զանգվածում։ Նոր կարգավորումը կկիրառվի բացառապես ամուսինների համատեղ դիմումի և գույքի համապատասխան գրանցման դեպքում։ Հակառակ պարագայում կշարունակեն գործել ժառանգության ընդհանուր կանոնները։
Մյուս ընդունված փոփոխությամբ Հայաստանում ներդրվելու է հետադարձ հիփոթեքի մեխանիզմը։
Կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց սեփականությունը հանդիսացող բնակարանը, առանձնատունը, այգետնակը կամ ամառանոցը գրավադրել բանկում կամ վարկային կազմակերպությունում և դրա դիմաց ամսական գումար ստանալ։ Միաժամանակ քաղաքացիները կպահպանեն ինչպես անշարժ գույքի նկատմամբ սեփականության, այնպես էլ այնտեղ բնակվելու իրավունքը։





