Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին 2011թ. մարտի 3-ին ՀՀ կառավարության շենքի մոտ բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող անձանց և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից խաղաղ ցույցի իրականացման ընթացքում մարդու իրավունքների խախտումների և ոստիկանների կողմից լիազորությունների վերազանցման վերաբերյալ:
Գրության մեջ ասվում է, որ Հանրապետության հրապարակ է մեկնել ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը և արագ արձագանքման խումբը: Նրանք չեն տեսել անօրինական որևէ գործողության կատարում ո°չ ոստիկանների և ո°չ էլ քաղաքացիների կողմից: ԱԺ պատգամավորները տեղեկացրել են Պաշտպանին, որ ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների՝ խաղաղ ցույց անցկացնելու իրավունքի իրականացմանը, ավելին՝ ինչպես վկայում են պատգամավորները բռնություն են կիրառել բողոքող քաղաքացիների և անձեռնմխելիություն ունեցող պատգամավորների նկատմամբ:
«Հայտնում ենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից Պաշտպանին հասցեագրված բանավոր հաղորդման ընթացքում դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվել, հետևաբար Պաշտպանը չի կարող տրամադրել Ոստիկանությանը վերը նշվածից բացի այլ տվյալներ»,-ասվում է գրության մեջ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Ոստիկանության պետ Ա. Սարգսյանին խնդրել է հետամուտ լինել տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ և բազմակողմանի վերհանմանը: Պաշտպանը մասնավորապես առաջարկել է քննության ընթացքում հաշվի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլև ականատեսների վկայությունները:
Կ. Անդրեասյանը խնդրել է Ա. Սարգսյանին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանումներ տալ տեղի ունեցածի վերաբերյալ և տեղեկացնել քննության ընթացքի և արդյունքների մասին:ժ, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը:





