AM
11 Մարտ 2011 - 08:27 AMT

Անթիլիասում տեղի է ունեցել Հայ եկեղեցու ծիսական հարցերի հանձնախմբի երկրորդ հանդիպումը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի օրհնությամբ մարտի 7-10-ը, Անթիլիասում, իր երկրորդ հանդիպումն ունեցավ Հայ Եկեղեցու ծիսական հարցերի հանձնախումբը: 2010 թ. օգոստոսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված անդրանիկ ժողովի ընթացքում հանձնախումբը սկսեց քննարկել Հայ Եկեղեցու Սուրբ Մկրտության խորհրդին առնչվող հարցեր: Շարունակելով այդ աշխատանքները` հանձնախումբը ներկա հանդիպմանը հանգամանորեն քննարկեց Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանի կազմած` Ծիսարանների մեջ հրատարակված և հնագույն ձեռագրերի մեջ առկա Սուրբ Մկրտության խորհրդի բնագրերի համեմատականը: Քննարկումների արդյունքում որդեգրվեց Մկրտության միասնական բնագրի նախագիծ:

Հանձնախումբը որոշակիացրեց նաև Ս. Մկրտության խորհրդի արարողության հետ կապված կանոնական, խրատական, ուսուցողական և բարեպաշտական հարցեր: Հանդիպման երկրորդ օրվա ընթացքում նկատի առնվեցին դաստիարակչական, խրատական և բարեպաշտական այնպիսի հարցեր, որոնք առնչվում են մկրտվողներին հավատքի հիմնադրույթների ուսուցմանը, կնքահոր պարտականություններին և հարակից այլ հարցերին: Երրորդ նիստի քննության նյութը Մկրտության խորհրդի կանոնական հարցերն էին: Այս շրջագծի մեջ հանձնախումբն անդրադարձավ մկրտության խորհրդակատարության արարողակարգային, մկրտյալների տարիքային և մկրտության իրականացման համար առաջադրված կանոնական պայմաններին, հայտնում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի լրատվական ծառայությունը: