AM
12 Մարտ 2011 - 14:00 AMT

Արմեն Գևորգյանը մարզերում ծանոթանում է ոռոգման ենթակառուցվածքների վիճակին

Մինչ ոռոգման շրջանի մեկնարկը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մարզերում ծանոթանում է ոռոգման ենթակառուցվածքների վիճակին, դրանց վերականգնման ընթացքին:

Այսօր փոխվարչապետը ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այցելեց Արմաշի պոմպակայանի շինհրապարակ: Փոխվարչապետին տեղեկացվեց, որ ընդհանուր աշխատանքների 80 տոկոսն արդեն կատարվել է, ընթացքի մեջ է վերազինումը: Անհրաժեշտ սարքավորումերի հիմնական մասն արդեն տեղադրված է: Պատասխանատուները վստահեցրին, որ խոչընդոտներ չեն լինի ոռոգման շրջանը բնականոն սկսելու համար:

Արարատի մարզպետարանում Ա. Գևորգյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաև մարզի ՋՕԸ-երի, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր, քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկի, ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը նշեց, որ«ՀՄՀ-Հայաստան»-ի ծրագրերով մարզում ոռոգման համակարգի վերականգնման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, որոնց արդյունքում էապես կբարելավվի համակարգը, և գյուղացիական տնտեսությունները անխափան ոռոգում իրականացնելու հնարավորություն կունենան:

Տեղեկացվեց, որ մարզում վերականգնվում է 9 պոմպակայան, երրորդ կարգի ջրանցքների վերակառուցման ծրագրում ընդգրկված է 16 համայնք, կատարվում են դրենաժային համակարգի մաքրման աշխատանքներ: Պատասխանատուները վստահեցրին, որ բոլոր պոմպակայանների վերականգնումը կավարտվի նախանշված ժամկետներում: Ինչ վերաբերում է երրորդ կարգի ջրանցքների ծրագրին, ապա նշվեց, որ համաֆինանսավորումն ամբողջությամբ չի կատարել միայն մեկ համայնք` Վեդի քաղաքը, ևս մեկ համայնքում նախագծային խնդիրներ կան, մնացած 14 համայնքից 6-ում վերականգնման աշխատանքներն արդեն մեկնարկել են, դրանք շուտով կսկսվեն նաև մյուս համայնքներում: Ա. Գևորգյանը դժգոհություն հայտնեց շինարարական ընկերության աշխատանքի տեմպերից` պահանջելով, որ սեղմ ժամկետներում ընկերությունը լրացուցիչ ռեսուրսներ ներգրավի` աշխատանքները ժամանակին իրականացնելու համար:

Հաշվի առնելով, որ Արարատի մարզում ոռոգման շրջանն ավելի վաղ է մեկնարկում` փոխվարչապետը պատասխանատուներին հանձնարարեց ոռոգման գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ իրականացնել գյուղացիական տնտեսությունների շրջանում:

Նա նաև մարզպետին ու համայնքների ղեկավարներին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրերի ընթացքը: Շինարարական կազմակերպություններին և համայնքապետերին առաջարկվեց սերտորեն գործակցել` ընթացքում ի հայտ եկող խնդիրները համատեղ լուծելու համար: