AM
28 Մարտ 2011 - 08:00 AMT

Հայ և շվեդ փրկարարները մտադիր են համագործակցել արտակարգ իրավիճակներում

Մարտի 29–ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխըմբռնման հուշագիր կստորագրի Շվեդիայի արտակարգ իրավիճակների քաղաքացիական պլանավորման գործակալության հետ: Այդ նպատակով Երևան է ժամանել հատուկ պատվիրակություն Շվեդիայից Աննելի Բեռգհոլմ Սոդերի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում նաև ընդգրկված են ծրագրի ղեկավար Գաբրիելա Գաբրիելյանը, անվտանգության խորհրդատուներ Գուստավ Էհրենգրենը և Էրիկ Մատիսոնը:

2006-2009 թթ. ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայությունը համագործակցել է Շվեդիայի արտակարգ իրավիճակների քաղաքացիական պլանավորման գործակալության և Էստոնիայի փրկարար ծառայության հետ` «Հայաստանում քաղաքացիական պաշտպանության հնարավորությունների զարգացում» հայ-շվեդ-էստոնական եռակողմ ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 900.000 ԱՄՆ դոլար:

Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել արձագանքման համակարգերի, իրավասու անձանց ու կազմակերպությունների միջև կանխարգելման ոլորտում համագործակցության, հասարակության իրազեկվածության, հաղորդակցության ցանցերի, հրշեջ-փրկարարական կազմավորումների ուսուցման ուղղությամբ: Հայաստանի փրկարար ծառայությանը տրամադրվել է “Վոլվո” մակնիշի հրշեջ-փրկարարական մեքենա, փրկարարական գույք և հանդերձանք:

Շվեդ և էստոնացի փորձագետները դասընթացներ են կազմակերպել հայ հրշեջ-փրկարարների համար: