AM
30 Մարտ 2011 - 12:32 AMT

Բավրայի մաքսակետում հայտնաբերվել է Հայաստան ապօրինի ներկրված արևադարձային միրգ ու բանջարեղեն

Օրերս Բավրայի մաքսակետում ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ճանապարհով ներմուծված մոտ 2,5 տոննա միրգ և բանջարեղեն: Մաքսակետում վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Վրաստանից մուտք գործած «մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ` Վրաստանի քաղաքացի Մամուկա Մելիքիձեն հայտնել էր, թե իբր մեքենան դատարկ է հատել սահմանը: Ավտոմեքենայի զննության ժամանակ, սակայն, պարզվել է, որ թափքում առկա է թաքստոց, որտեղ էլ հայտնաբերվել են ապօրինի ներմուծված արևադարձային մրգերն ու բանջարեղենը:

Ի դեպ, շուրջ մեկ տարվա ընթացքում Նախաբացթողումային հսկողության վարչության կողմից արձանագրվել է մաքսային կանոնների խախտման 170 դեպք, ինչի արդյունքում պետական բյուջե է գանձվել ավելի քան 280 մլն դրամ, ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ: