Ապրիլի 12-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող ՀՀ Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնում տեղի կունենա «Կոտայքի մարզի ավտովարորդների իրավունքների պաշտպանությունը» թեմայով սեմինար: Հանդիպումը տեղի կունենա «Ավտովարորդների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ և ֆինանսավորվում է Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի կողմից:
Սեմինարը նպատակ ունի ծանոթացնել վարորդներին վարորդ-ճանապարհային ոստիկանություն իրավահարաբերություններում վարչական վարույթների և դատական մարմիններում դատաքննության առանձնահատկություններին, որի ընթացքում իրենց ելույթներով հանդես կգան ՀԵԻԱ նախագահ Կ. Զադոյանը, ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մ. Գարեգինյանը, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավար Ն. Եղիազարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ հասարակական կազմակերպություններից, հաղորդում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության մամլո ծառայությունը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաքելությունն է ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված:





