Ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ, Շվեդիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին և խմբի անդամ Ֆրեդերիկ Մալմին: Պատվիրակությանն ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը, Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը և շվեդահայ համայնքների համադրող կենտրոնի խոսնակ Վահագն Ավետյանը:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը, ի դեմս Անելի Էնոքսոնի և Ֆրեդերիկ Մալմի, երախտագիտություն հայտնեց Շվեդիայի Խորհրդարանին հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման, ցուցաբերված արի և մարդասեր ոգու համար` վստահություն հայտնելով, որ մարդկային կյանքում այսօր էլ տեղ գտնող ոճիրներից ու ողբերգություններից աշխարհը կարող է զերծ մնալ միայն նման մարդասեր մարդկանց և երկրների շնորհիվ: ՙԱյս նվիրական օրերին մեծ մխիթարություն է մեր կողքին ունենալ հայոց բյուրավոր նահատակներին իրենց հարգանքը մատուցող աղոթակից օտարազգի բարեկամների՚, – իր խոսքում նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` բերելով իր աղոթքն ու բարեմաղթանքները, որ Տերը պահի ու պահպանի Շվեդիան ու նրա ժողովրդին սիրո, առաջընթացի և բարօրության մեջ: Վեհափառ Հայրապետը կարևորեց նաև երկու երկրների միջև ձևավորված բարեկամական սերտ հարաբերությունները և փոխադարձ այցելությունները, որոնք առավել մեկտեղելու են ջանքերը հանուն խաղաղ, արդար աշխարհի կայացման:
Շվեդ պատգամավորները խորին շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար` կիսելով իրենց ջերմ զգացողությունները Հայաստանում և մասնավորապես Մայր Աթոռում գտնվելու համար:





