AM
30 Ապրիլ 2011 - 12:02 AMT

Մայիսի 5-ին Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադան

ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլերն այս տարի անցկացվեցին վաղ գարնանը:

Դրանք ընտրական փուլ էին հանդիսանում հանրապետական օլիմպիադաների համար: Արդյունքում աստղագիտություն առարկայից ընդամենն ընտրվել է 30 աշակերտ, այդ թվում Երևանից՝ 20, Գյումրիից՝ 3, Կոտայքի մարզից՝ 4, Արագածոտնի մարզից՝ 2 և Գեղարքունիքի մարզից՝ 1: Երևանցի մասնակիցները ներկայացնում են մասնագիտացված դպրոցները. Քվանտ վարժարանը՝ 8, Շահինյանի անվ. ֆիզմաթ դպրոցը՝ 7, Ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանը՝ 4 և Շիրակացու անվ. վարժարանը՝ 1: Այս աշակերտները մայիսի 4-6-ին հրավիրվել են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան, որտեղ մայիսի 5-ին կանցկացվի աստղագիտական օլիմպիադայի հանրապետական փուլը: Ժյուրիի նախագահն է աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու Ա.Ա. Հակոբյանը:

Այս օլիմպիադան միաժամանակ ընտրական է համարվում աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի կկայանա սեպտեմբերի 22-30-ին Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում: Հիշեցնենք, որ հայ օլիմպիականները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 6 ոսկե, 4 արծաթե և 10 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով հանդիսանալով լավագույն հավաքականներից մեկը օլիմպիադաների 15-ամյա պատմության ընթացքում: