AM
17 Մայիս 2011 - 10:11 AMT

Վիկ Դարչինյանը չի կարծում, թե Սամսոն Խաչատրյանը կարող է որևէ մեկին նեղացնել

«Սամսոնը իմ լավ ընկերն է, նա շատ տաղանդավոր բռնցքամարտիկ է: Չի կարելի մեր մարզիկներին այլ կերպ վերաբերվել, ես, իհարկե, չգիտեմ` ինչ է տեղի ունեցել այդ պահին, բայց չեմ կարծում, որ Սամսոնը թույլ կտար իրեն որևէ մեկին նեղացնել: Նա մեր ամենաճանաչված ու լավ մարզիկներից է եղել», – մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով վանաձորցի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի ձերբակալության մասին հարցին, ասել է IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը:

Խաչատրյանը ձերբակալվել էր ընթացիկ տարվա մարտի 1–ին կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը: Նա մեկ տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել, իսկ դատական նիստի ավարտից հետո ազատ արձակվել դատարանի դահլիճից: