AM
1 Հունիս 2011 - 07:23 AMT

Զավեն Բադոյանը խոստովանել է, որ սպասում էր Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերին

«Իմպուլսի» 21-ամյա ֆուտբոլիստ Զավեն Բադոյանն առաջին անգամ հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու համար և պատրաստվում է EURO-2012-ի ընտրական մրցաշարին:

Ֆուտբոլիստն արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ: Նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ սպասում էր, որ իրեն կհրավիրեն հավաքական, քանի որ Հայաստանի առաջնության վերջին խաղերում լավ է հանդես եկել: «Երիտասարդական և ազգային հավաքականների համատեղ հավաքից հետո մարզիչը գոհ էր ինձանից: Ահա թե ինչու մտածում էի, որ կհայտնվեմ ֆուտբոլիստների ցուցակում, որոնք հանդես կգան ռուսների դեմ խաղում»,- ասել է կիսապաշտպանը:

Բադոյանը կարծում է, որ հայ ֆուտբոլիստները կարող են արժանի դիմադրություն ցույց տալ Սանկտ Պետերբուրգում և վերջին խաղերը ցույց են տվել, որ թիմը կարող է լավ ֆուտբոլ ցուցադրել: «Չեմ կարծում, որ մենք պետք է վախենանք նրանից, թող նրանք վախենան մեզանից, օրինակ Յուրի Մովսիսյանից»:

«Թիմում մթնոլորտը շատ ջերմ է, տղաներից շատերի հետ ես ծանոթ եմ»,- ասել է նա:

Բադոյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանում կարող է փոխարինման դուրս գալ: Խաղը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում: