Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հունիսի 13-ին ընդունեց ԱՄՆ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, պետքարտուղարի փոխտեղակալի հիմնական գործառույթներից է ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների զեկույցի պատրաստման աշխատանքների վերահսկումը: Հանդիպման ընթացքում նա, մասնավորապես, առանձնացրեց ՀՀ փոխվարչապետի ղեկավարած թրաֆիքինգի հարցերով խորհրդի աշխատանքը` նշելով, որ ոլորտում նկատելի տեղաշարժ է արձանագրվել, և պետքարտուղարության զեկույցում Հայաստանի դիրքերը բարելավվել են:
Արմեն Գևորգյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատանը և նախկին դեսպան Մարի Յովանովիչին, ում անձնական ջանքերի շնորհիվ նաև հնարավոր եղավ առաջընթաց արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում: Նա անդրադարձավ ոլորտում կատարված աշխատանքներին` նկատելով, որ ամենակարևորը վարչարարության խնդրի լուծումը և տարբեր մարմինների միջև համագործակցության կանոնակարգումն էր: Հաջողության ապահովման հարցում փոխվարչապետը նշեց նաև աշխատանքներում հասարակական սեկտորի ներգրավման հանգամանքը: Տեղեկացվեց, որ «Քրեական օրենսգրքում» կատարված վերջին փոփոխություններով արդեն ամբողջացել է ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտը: Արմեն Գևորգյանն անդրադարձավ նաև միջազգային համագործակցությանը` նշելով, որ ԱՄՆ-ից բացի, աշխատանքներ են իրականացվում ԵԱՀԿ, ՄԱԿ-ի, ԵԽ-ի համապատասխան կառույցների հետ:
Կողմերն անդրադարձան նաև ընտրական շրջանում տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենսդրական պարտավորությունների պատշաճ իրականացման խնդիրներին, ինչպես նաև հանրապետությունում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին:





