Հունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանշանների օրն է: Այդ օրը ավելի քան 3000 երիտասարդներ ու պատանիներ ժամը 20:00 Երևանի Հանրապետության հրապարակից տոնական քայլերթով կանցնեն Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և դարձյալ կվերադառնան Հանրապետության հրապարակ:
Միջոցառումը կազմակերպել են «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը նշեց, որ քայլերթին կմասնակցեն տարբեր կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Սա բոլորիս տոնն է, և խորհրդանշանների ներքո ենք բոլորս համախմբվում: Նման միջոցառումների և ակցիաների նպատակն է խորը հարգանք ձևավորել հայկական պետական խորհրդանշանների նկատմամբ` մասնավորապես երիտասարդների շրջանում»,- ասաց Սարգսյանը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն էլ ասաց, որ ուրախալի է փաստը, որ երիտասարդներն ավելի լավ են սկսում ճանաչել երկրի խորհրդանշանները և ևս մեկ անգամ համախմբվում են հենց պետական խորհրդանշանների շուրջ:





