Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հանրային կապերի հանձնաժողովի, ինչպես նաև ազգային խտրականության դեմ պայքարի խորհրդի ղեկավար Ստեփան Կրկեշարյանին, տիկնոջն ու որդուն:
Ստեփան Կրկեշարյանն այն գլխավոր ուժն է, որ սատարել է Նոր Հարավային Ուելսում ներգաղթյալների հարցերով շահագրգիռ կազմակերպությանը` առաջարկելով գործող ծրագրեր` ազգային, լեզվական, կրոնական հիմքերի վրա ձևավորված խմբերի համար:
Ս.Կրկեշարյանը մեծ ներդրում ունի Բազմամշակութայնության մասին բանաձևի մշակման հանձնաժողովի աշխատանքներում, ինչը կտրուկ փոփոխություն է մտցրել ազգային հարաբերությունների ձևավորման համակարգում` Ավստրալիայի քաղաքացիների և Ավստրալիայում ապրող այլ ազգերի միջև: Նա Նոր Հարավային Ուելսում էթնիկ համայնքային կառույցների խորհրդի հիմնադիրներից է:
Նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Քննարկվեցին Ավստրալիայի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր, հաղորդում է Սփյուռքի նախարարությունը:





