AM
17 Հունիս 2011 - 13:21 AMT

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն այնուամենայնիվ այլևս չի պաշտոնավարի

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի 2011 թ. հունիսի 17-ի N 29-Ա հրամանով Տիգրան Զարգարյանը հունիսի 17-ից նշանակվել է նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Զարգարյանը ծնվել է 1954 թ. փետրվարի 25-ին, Երևանում:1971 – 1976 թթ. սովորել է Երևանի ճարտարագիտական համալսարանում: 1994 – 2003 թթ. եղել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ, 1996 – 2006 թթ.` ԵՊՀ գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ, իսկ 2006 թ.-ից մինչ օրս եղել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն: Տիգրան Զարգարյանը ամուսնացած է, ունի երկու զավակ, անկուսակցական է:

Վերջերս ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ չի երկարացնելու գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի պաշտոնավարման պայմանագիրը ժամկետը վերջանալու կապակցությամբ: Այս առիթով գրադարանում կազմակերպվել էր ստորագրահավաք ի պաշտպանություն տնօրենի և նամակներ էին ուղարկվել Ազգային ժողով, ՀՀ կառավարություն, երկրի նախագահին և այլ մարմիններին, սակայն ապարդյուն: