AM
24 Հունիս 2011 - 13:29 AMT

Ճապոնացի սենսեյ Սիգերու Սուգավարան այկիդոյի վարպետության դասեր է անցկացնում Հայաստանում

Հայաստանում է գտնվում Այկիդոյի միջազգային ֆեդերացիայի քարտուղար սենսեյ Սիգերու Սուգավարան: Հունիսի 23-26 նա վարպետության դասեր կանցկացնի «Միկա» մարզասրահում: Սենսեյին տեսնելու և նրա հետ մարզվելու նպատակոով մարզիկներ են ժամանել Ռուսաստանից, Ղազախստանից ու Վրաստանից:

Հայաստանի այկիդո այկիկայի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը նշել է, որ վարպետության դասերին մասնակցում են 6-56 տարեկան մարզիկներ, իսկ վերջին օրը տեղի կունենան ցուցադրական ելույթներ: «Մենք ցանկանում ենք զարգացնել այկիդոն Հայաստանում և սենսեյը կօգնի մեզ: Մեր մասնագետները հաճախ են լինում տարբեր երկրներում և որակավորում ստանում: Մեր նպատակն է նաև անդամակցել Այկիդոյի միջազգային ֆեդերացիային»,- ասել է Ավետիսյանը:

Սենսեյ Սուգավարան խոստովանել է, որ, ինչպես բազմաթիվ ճապոնացիներ, ոչինչ չգիտեր Հայաստանի մասին մինչ այս այցելությունը: «Ճապոնիայում ես բոլոր ընկերներիս ու հարազատներիս կպատմեմ Հայաստանի մասին այն ամեն լավը, ինչ այստեղ տեսա: Մարզումները մենք Հայաստանում սկսել ենք առաջին փուլից, կարծում եմ, որ հայ մարզիկները կարող են հաջողություններ ունենալ այդ մարզաձևում»,- նշել է ճապոնացի մասնգետը: