Ուղևորավարձի բարձրացման պատճառով երևանյան մետրոյից օգտվող մարդկանց քանակը կարող է կրճատվել 10-20 տոկոսով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Ըստ նրա, ուղևորավարձի բարձրացումը կունենա միայն բացասական հետևանքներ՝ «առաջին հերթին անդրադառնալով քաղաքացիների ընտանեկան բյուջեի վրա»:
Նա նշել է, որ մետրոյի ուղևորավարձի բարձրացումն արդարացված կլիներ, եթե մետրոյի կայարաններն արդիականացվեին, եթե գործարկվեին նոր կայարաններ: Պողոսյանը նշել է նաև, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ վերջին 20 տարում չեն կառուցվել մետրոյի նոր կայարաններ:
Հունիսի 21-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հուլիսի 1-ից մետրոյի ուղևորավարձը հուլիսի 1-ից կթանկանա՝ 50-ից դառնալով 100 դրամ: Ինչպես նշել է քաղաքապետը, ինքնարժեքը թույլ չի տալիս ծածկել ծախսերը: Քաղաքապետը հավաստիացրել է, որ քաղաքապետարանը թույլ չի տա, որ բարձրանա նաև քաղաքային տրանսպորտի մյուս տեսակների ուղևորավարձը:





