Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը և լեհական PWPW ընկերության լիազոր ներկայացուցիչ Յոզեֆ Ֆերբերը հունիսի 30-ին ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆի համակարգի ստեղծման, ներդրման, աշխատանքների ձեռքբերման և գործարկման վերաբերյալ փոխադարձ ակտ: Ինչպես ընդգծում է ՀՀ ՏԿՆ մամլո ծառայությունը, Հայաստանն Անդրկովկասի երկրներից առաջինն է ներդնում թվային տախոգրաֆների համակարգը: Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերը և վարորդները հնարավորություն կունենան դիմել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն` ձեռք բերելու թվային տախոգրաֆների (հսկիչ սարքերի) քարտեր:
Թվային տախոգրաֆների տեղադրման անհրաժեշտությունը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.-ին: Հանրապետությունում հաշվառված բեռնատար տրանսպորտային միջոցները 2011 թվականից հնարավորություն չէին ունենա մուտք գործել վերը նշված համաձայնագրի կողմ պետություններ:
Թվային տախոգրաֆն արձանագրելու է բեռնատար տրանսպորտային միջոցի արագությունը, անցած ճանապարհը և ամենակարևորը` վարորդի վարելու և հանգստի ռեժիմները:





