AM
22 Հուլիս 2011 - 08:40 AMT

Տիգրան Պետրոսյան. Ոստիկանության նախաձեռնած նոր օրնագիծը վերաբերվում է թրաֆիկինգի 14 հոդվածների

ՀՀ ոստիկանության ԿՀ 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանի հավաստմամբ ՀՀ կառավարությունը և ոստիկանությունը յուրաքանչյուր տարի շարունակում են բազմակողմանի աշխատանքներ իրականացնել թրաֆիկինգի դեմ պայքարելու համար: «Այդ աշխատանքները ուղղված են նաև հասարակության իրազեկման բարձրացմանը և ոստիկանության աշխատակիցների ունակությունների բարելավմանը: 2011 թվականին շուրջ 55 ծառայողների համար կազմակերպվել են դասընթացներ, 7-ի համար էլ արտերկրում` Բելառուսում և Ուկրաինայում: Վերջերս էլ ԶԼՄ և ոստիկանության ծառայողների մասնակցությամբ Ծաղկաձորում անցկացվեց երկօրյա սեմինար` նվիրված թրաֆիկինգի դեմ պայքարին»,- ասաց Պերտոսյանը:

Ոստիկանության նախաձեռնությամբ մշակվել է մի օրինագիծ, որը վերաբերվում է թրաֆիկինգի և հարակից հանցագործությունների 14 հոդվածների, և Քրեական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա ապրիլի 9-ից: «Ընդհանուր թրաֆիկինգի հոդվածից տարանջատվեց անչափահասներին վերաբերվող մասը, և պատիժ սահմանվեց նվազագույնը 7 տարի ազատազրկման ժամկետով: Խստացվել է նաև պատժից վաղաժամ պայմանական ազատվելու դրույթը»,- ավելացրեց ոստիկանության փոխգնդապետը:

Ըստ նրա խոսքերի, այժմ թրաֆիկինգի համար դատապարտվածները կարող են վաղաժամ ազատվել իրենց պատժից միայն դրա 3/4 կրելուց հետո, մինչ այդ գործում էր 2/3 պատժաչափը: Քրեական օրենսգրքի մյուս նորարաություններից մեկն էլ այն է, որ հատուկ մասում սահմանվել է մի դրույթ, որի համաձայն թրաֆիկինգի շահագործման զոհերը ազատվում են իրենց կողմից կատարված քրեական հանցագործությունների պատասխանատվությունից, եթե դրանցում ներգրավված են եղել շահագործման ընթացքում կամ էլ` հարկադրաբար: Այժմ պատժելի է դարձել նաև թրաֆիկինգի կամ շահագործման զոհի ծառայություններից օգտվելը, որը բխում է Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներից: