x2008-2009 թթ. համեմատությամբ թրաֆիկինգի դեպքերը Հայաստանում նվազել են: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանության ԿՀ 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը:
2009 թվականին թրաֆիկինգով զբաղվելու համար դատապարտվել են 11 անձինք, և ազատազրկման միջին չափը կազմել է 8 տարի 7 ամիս: «2010 թվականին դատապարտվածների համար այդ չափը կազմել է 7 տարի 4 ամիս, 2011-ի առաջին կիսամյակի կտրվածքով դատապարտվել են 4 անձինք, նրանք ևս դատապարտվել են նույն ժամկետով: 10 գործով ոստիկանությունում իրականացվել է քրեական վարույթ, դրանց մեծ մասը նախկինում հարուցված գործեր են: Մեծամասնությունը վերաբերվում է կանանց պոռնկության շահագործմանը, անչափահասին շահագործման և մուրացկանության մեջ ներգրավվմանը և ՀՀ քաղաքացուն ՌԴ-ում աշխատանքային թրաֆիկինգի ենթարկելուն»,- ընդգծեց Պետրոսյանը:
Քրեական օրենսգրքի 261 և 262 հոդվածներով, որոնք վերաբերվում են պոռնկությամբ զբաղվելու հարցում նպաստելուն և շահադիտական նպատակով այլ անձանց պոռնկությամբ զբաղվելու մեջ ներգրավելուն, 20 գործ է հարուցվել, բացահայտվել է 28-ը: «Համացանցում էլ ենք փորձում հսկողություն ծավալել թրաֆիկինգի դեմ պայքարելու համար, նախկինում ունեցել ենք բացահատված դեպք, այդ անձը դատապարտվել է 262-րդ հոդվածով: Հիմա ոստիկանությունը մշակում է նաև «Անօրինական միգրացիա» հոդվածի նախագիծը», – ավելացրեց փոխգնդապետը:
Պետրոսյանի հավաստմամբ իրենք փորձում են փոխհարաբերություններ հաստատել և համագորակցել իրենց արտասահմանյան կոլեգաների հետ: Թուրքիայի հետ համագործակցությունն, օրինակ, իրականացվում է Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով:





