Հաշմանդամների «Փյունիկ» միությունը 2010 թ-ից համագործակցում է ամերիկյան «Անվճար սայլակներ» ընկերության հետ, ինչի արդյունքում Հայաստանը ստացել է 550 հաշմանդամային սայլակներ: Ծրագիրը շարունակական է, և այս տարի ևս Հայաստանը կստանա նոր սայլակներ: Ինչպես նշում է «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, սայլակների շուրջ 90 % բաժանվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց: «Սայլակները բաժանվել են հիմնականում մարզաբնակների, այդ թվում` Գյումրիում, Սպիտակում և Արարատում: Բացի այդ մենք հունվար-հունիս ամիսներին սպորտի նախարարության հետ միասին կազմակերպեցինք հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների ամրապնդման ծրագիր: մասնակցեցին շուրջ 90 երեխա և նրանց ծնողները»,- նշեց Աբրահամյանը:
«Փյունիկում» գործում են նաև մինչև 12 տարեկան հաշմանդամ երեխաների խմբակներ, «Սինոփսիս» ընկերության հետ համատեղ կազմակերպվում են նաև համակարգչային դասընթացներ:
«Պաշտպանության նախարարության հովանավորությամբ էլ վերակազմավորվել է մեր բասկետբոլի թիմը, որը շաբաթական անցկացնում է 2 մարզում: Մենք մտադիր ենք մոտ ապագայում մեր ուժերը փորձել Եվրոպայի 3-րդ դիվիզիոնի խաղերում», – ավելացրեց «Փյունիկի» նախագահը:
Ըստ վերջին վիճակագրական տվյալների` Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 190 հազ. մարդ, որի 30 % երիտասարդ է:





