Երևանի Նոր Նորքի բնակելի թաղամասի բնակիչներն ամառային շրջանում ջրամատակարարման ժամերի կրճատումը կապում են «Ջրաշխարհի» աշխատանքի հետ: Սակայն «Երևան ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը հավաստիացրել է, որ «Ջրաշխարհը» դրա հետ ոչ մի կապ չունի: «Ես ինքս Մասիվի բնակիչ եմ և այդ շրջանի ջրամատակարարումը գտնվում է իմ անձնական հսկողության տակ: Կարող եմ հավաստիացնել, որ նրանք այնքան ջուր են օգտագործում, որքան մեկ բնակարանի բնակիչները, ոչ ավելին»,-ասել է նա հուլիսի 27-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Նա հավելել է նաև, որ «Ջրաշխրահը» օգտվում է խորքային ջրերի աղբյուրից, քանի որ « ընկերության կողմից տրամադրվող ջրի կոշտությունը նրանց հարմար չէ»:
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ջարմատակարարման ժամերի կրճատմանը, ապա ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ ամռանը կտրուկ աճում է ջրի սպառումը, արդյունքում ճնշումը նվազում է: Այնուամենայնիվ, ըստ Կարապետ Օհանյանի, «Երևան ջուրը» ապահավում է ջրամատակարարման նախատեսված 8-ժամյա գրաֆիկը:





