Լիտվայի հավաքականի հետ ընկերական խաղի շեմին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Կաունասում պատասխանել է լիտվացի լրագրողների հարցերին:
«Սա վերջին խաղն է պաշտոնական խաղերից առաջ, հավաքականում կան նորեկներ, որոնց պետք է փորձարկենք, սա է մեր խնդիրը այս խաղում: Մենք փոփոխել ենք կազմը, համալրել ենք հավաքականը երիտասարդ խաղացողներով: Սա ապագայի թիմ է և կարևոր է որ տղաներն անմնացորդ տրվում են իրենց գործին»,-մեջբերում է Մինասյանի խոսքերը ՀՖՖ պաշտոնական կայքը: Մինասյանը նշել է, որ հետևել է Լիտվայի հավաքականի վերջի հանդիպումներին և կարող է ասել, որ ֆուտբոլիստներից շատերը հանդես են գալիս ուժեղ ակումբներում: «Լիտվայի հավաքականն ուժեղ թիմ է, որը դեռ կարող է դրսևորել իրեն Եվրո-2012 ընտրական փուլում: Եվ այս խաղում մենք կպայքարենք դրական արդյունքի համար»,-ասել է Մինասյանը:
Մարզիչը գտնում է, որ Լիտվայի հավաքականը խաղի ոճով մոտ է Սլովակիայի հավաքականին, որի հետ իր սաները կխաղան սեպտեմբերի 6-ին:
Լիտվա-Հայաստան խաղը տեղի կունենա օգոստոսի 10 Երևանի ժամանակով 21:00-ին:
Այդ խաղից հետո սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլի B խմբում կխաղա Անդորայի հավաքականի հետ: B խմբում Վարդան Մինասյանի սաները 8 միավորով 4-րդ տեղում են, 13-ական միավոր ունեն Իռլանդիայի, Ռուսաստանի ու Սլովակիայի հավաքականները:





