AM
11 Օգոստոս 2011 - 10:39 AMT

Կարեն Կարապետյանը կարծում է, որ կենտրոնական փողոցների կրպակատերերի մեջ խեղճ մարդիկ չկան

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքապետ Կարեն Կարապետյանից պարզաբանումներ է պահանջել Երևանում կրպակների խնդրի մասին:

«Այն կրպակները, որոնք օրինական են, որևէ մեկը չի ապամոնտաժում, նաև այն կրպակները, որոնք օրինական չեն, բայց այս պահին մեծ խնդիր չեն դնում մեր առջև և աշխատող են, մենք այդ մարդկանց նույնպես որևէ ձևով նեղություն չենք տալիս: Ինչ վերաբերում է կենտրոնական փողոցների կրպակներին և սոցիալական խնդրին, ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ կենտրոնական փողոցներում կրպակատերերի մեջ խեղճ մարդիկ կան (խոսքը գնում է կրպակատերերի մասին), և որևիցե պարտավորություն քաղաքապետարանն նրանց առջև չունի։ Կար ժամկետ, և նրանք այդ ժամկետի մեջ պետք է տեղավորվեին»,- պատասխանել է Կարեն Կարապետյանը:

Նա հավելել է, որ քաղաքապետարանը այլընտրանք կամ փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունի: Ինչ վերաբերում է այնտեղ աշխատող և սոցիալապես անապահով մարդկանց, քաղաքապետի խոսքով, վարչական շրջանների ղեկավարներին յուրաքանչյուրի հետ անհատապես աշխատելու հստակ հանձնարարական է տրվել:

Այսօր Երևանի տարբեր վարչական շրջանների մոտ 200 կրպակատերեր հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու կրպակների ապամոնտաժման դեմ: Փափազյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում երկու օր է շարունակվում են կրպակների ապամոնտաժման աշխատանքները՝ կարմիր բերետավորների ու ոստիկանության ներկայությամբ: Ապամոնտաժմանը զուգահեռ հատվում են մայթեզրի ծառերը: